ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցի տապալումը ՀՀԿ-ում դիվանագիտական հաջողություն են համարում։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Երկու բանաձեւերն էլ հայանպաստ չէին, բայց հիմնական եւ ադրբեջանամետ վտանգ պարունակողը Ուոլթերի բանաձեւն էր, այն պարունակում էր լուրջ վտանգ, քանի որ այն փորձ էր՝ Ադրբեջանի կողմից այլ զուգահեռ հարթակներում քննարկելու ղարաբաղյան հիմնահարցը, որն անթույլատրելի է։ Այդ նախաձեռնության կասեցումը շատ կարեւոր է եւ հաջողություն է մեր դիվանագիտության համար»,-նշեց Էդուարդ Շարմազանովը
Վերջինս նշեց, որ համամիտ չէ այն հայտարարությունների հետ, որ այդ զեկույցները թղթի կտորներ են։
«ԵԽԽՎ-ն լուրջ կառույց է, թղթի կտորներ չեն զեկույցները, մյուս կողմից էլ պարտադիր ուժ չեն կարող ունենալ։ Պետք է համախմբված աշխատենք ու գիտակցենք, որ կան պատվիրակություններ, որոնք անկախ բովանդակությունից մշտապես քվեարկում են Հայաստանի դեմ։ Մենք պիտի նախաձեռնող լինենք»,-ասաց նա։




























