2016 թվականի համար պաշտպանական բնագավառում հայ-ռումինական համագործակցության իրատեսական ծրագիր կմշակվի:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բոգդան Թեբրեային եւ նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Սանդու Վալերիկա Պիրոսկային (նստավայրը Թբիլիսի):
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է փոխգնդապետ Պիրոսկային Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը եւ պայմանավորվել են 2016 թվականի համար մշակել պաշտպանական բնագավառում համագործակցության իրատեսական ծրագիր:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:




























