Բազմակի քվեարկության դեմ պայքարի արդյունավետ միջոցը մատնահետքով էլէկտրոնային քվեարկությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Հիմա քննարկվող էլեկտրոնային քվեարկությունը, ըստ իրենց, պետք է կատարվի միայն նույնականացման քարտերով, դա ոչինչ չի նշանակում։ Հանրաքվեի ժամանակ մարդիկ կային, որ 10-20 քարտով եկել քվեարկել են։ Էլեկտրոնային տարբերակը կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ ընտրողից մատնահետք վերցնեն։ Այսինքն՝ մատնահետքը նույնականացվի միայն քարտի հետ։ Խնդիրը պետք է լուծվի մատնահետքով»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Արամ Մանուկյանն իշխանության առաջ քաշած տարբերակը համարում է բլեֆ եւ նշում, որ այն կարող է ընդամենը ծխածածկույթի դեր լինել կեղծիքների դեմ, ուրիշ ոչինչ։
«Մատնահետքը եթե մտնում է քվեարկողների բազա, պարզ է, նույն մարդն էլ չի կարող երկրորդ անգամ քվեարկել: Այ սա է էլեկտրոնային ասվածը։ Այնպես որ, իրենց բլեֆները, որ կոչում են էլեկտրոնային, լուծում չէ։ Իրենց բլեֆները իրենց թող պահեն, մենք գիտենք՝ իրենց էլեկտրոնային մոդելն ինչ է նշանակում»,- ընդգծեց Մանուկյանը:




























