Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել ԱՄՆ քաղաքացի Սառա Շուրդին: Ազատ արձակվելուց հետո Սառան մասնավոր ինքնաթիռով մեկնել է Օման, որտեղ նրան դիմավորել են մայրն ու ամերիկյան դիվանագետները: Իրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի-Դոլաթաբադին սեպտեմբերի 14-ին PressTV-ի եթերում հայտնել է, որ 500 հազար գրավը մուծել են Օմանում իրանական բանկի հաշվին:
Դամասկոսի արաբագիտության ֆակուլտետի ուսանողներ Սառա Էմիլի Շուրդը, Շեյն Մայքլ Բաուերը եւ Ջոշուա Ֆաթալը ձերբակալվել էին 2009թ. հուլիսին՝ Իսլամական Հանրապետության սահմանի ապօրինի հատման համար: Նրանց մեղադրել էին լրտեսության մեջ, թեեւ երիտասարդները պնդել էին, որ մոլորվել են Ահմեդավա լեռնային տեղանքում:
Սեպտեմբերի 9-ին Իրանի իշխանությունները համաձայնվել էին ազատ արձակել Սառա Շուրդին, սակայն հետագայում գրավ էին պահանջել: Ձերբակալվածի ծնողները հայտնել են, որ չեն կարող ինքնուրույն վճարել այդ գումարը: ԱՄՆ կառավարությունը գրավը մուծելուց եւս հրաժարվել էր, հաղորդում է RBC-ն:





























