Վրաստանը Հայաստանի կողքին է տարածաշրջանում հիմնական նպատակին՝ խաղաղության հասնելու հարցում։ Այս մասին փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։ (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես նշել է Խիդաշելին, Հայաստանին եւ Վրաստանին միավորում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու եւ համագործակցելու ձգտումը։
Նա որպես օրինակ է բերել այն, որ ինքը երկու շաբաթ առաջ եղել է Աֆղանստանում եւ անձամբ տեսել Մազարի Շարիֆում հայ եւ վրացի խաղաղապահների համատեղ աշխատանքը։
Ինչպես իր հերթին նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայ-վրացական դարավոր բարեկամության ոգուն համահունչ բանակցությունների ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանում վստահության մթնոլորտ ստեղծելու եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Օհանյանի խոսքով՝ պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են փորձի փոխանակումը, խաղաղապահ գործունեությունը, ռազմական կրթությունը։ Այդ կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել վրացական կողմին՝ հայ զինվորներին Վրաստանի ռազմական ուսումնական հաստատություններում ուսանելու հնարավորություն տալու համար։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով եւ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել։
Նրա խոսքվ՝ թեպետ երկու երկրները տարբեր քաղաքական առաջնայնություններ ունեն, այսինքն՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, այդուհանդերձ նպատակը մեկն է՝ տարածաշրջանային անվտանգությունը։
«Մենք Հարավային Կովկասի ապագան տեսնում ենք կայունության եւ խաղաղության մեջ»,- ասել է նախարարը։
Համաձայնելով իր հայ գործընկերոջ հետ՝ Խիդաշելին նշել է, որ 2016թ. հարաբերությունների զարգացման ոլորտում շատ աշխատանք կա տանելու, իսկ Վրաստանի բոլոր ուսումնական հաստատությունները բաց կլինեն գործընկերների համար։




























