«Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովը ոչ թե իրականության բացահայտման, այլ մարտի 1-ի դեպքերի կոծկման եւ պարտակման հանձնաժողով է»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, այն պահից, երբ հրապարակվեց փաստահավաք խմբի զեկույցը, որը ցույց տվեց, թե ոստիկանության աշխատակից Համլետ Թադեւոսյանը մահացել է ոչ թե ցուցարարների նետած նռնակից, այլ իր ձեռքին եղած նռնակից, իշխանությունները ցրեցին փաստահավաք խումբը եւ սկսեցին ուշադրություն չդարձնել այդ խմբի ներկայացրած փաստերին:

«Դրանից հետո եղել են նոր զեկույցներ. տպվել է զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին վերաբերող զեկույցը, որը ցույց է տալիս, որ նա ոչ թե սպանվել է հեռահար կրակոցով՝ ցուցարարների կողմից, այլ իրականում նրան սպանել են ընդհուպ կրակահերթով եւ տեղեկություններ կան, որ նա գնդակահարվել է իր հրամանատարների կողմից` անհնազանդության պատճառով»,- ասաց Լ. Զուրաբյանն ու ընդգծեց, որ այս զեկույցները ապացուցում են, որ «իշխանությունները սպանությունների հանգամանքները կեղծել էին, որպեսզի արդարացնեն ցուցարարների դեմ իրենց կողմից հրազենի կիրառումը»:

Հիշեցնենք, որ 2008թ-ի մարտի 1-ին ոստիկանությունը ցրեց ընդդիմության շուրջ 10 օր շարունակվող հանրահավաքը: Իսկ երեկոյան Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում եւ Պարոնյան փողոցում զոհվեցին 10 հոգի, վիրավորվեցին տասնյակ մարդիկ: