Իտալիայի ոստիկանությունը կազմակերպված հանցավոր խմբի հետ կապերի մեջ կասկածվող գործարարից առգրավել է նախկինում Բենիտո Մուսոլինիին պատկանող «Սեւ կրակ» զբոսանավը։
Իրավապահների խոսքով՝ երեք կասկածյալի եւ 10 ընկերությունների նկատմամբ սկսված հետաքննության շրջանակներում առգրավվել է զբոսանավը եւ 28 մլն եվրո արժողությամբ այլ անշարժ գույք, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Գործարարի անունը իրավապահները չեն հրապարակում։ Սակայն առգրավման օրդերում նշված է 68-ամյա ոմն Սալվադորե Սքվիալնտեի անունը։ Գործարարի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններից։
Սքվիլանտեին մեղադրում են գործարքներ կնքելու մեջ, որոնք ենթադրաբար կապ ունեն Հռոմում գործող մաֆիոզ խմբավորումների ցանցի հետ, որը ղեկավարում էր նախկին նեոֆաշիստը։
Մուսոլինին «Սեւ կրակ» զբոսանավը 1930-ական թթ. որպես նվեր էր ստացել իր ընկերոջից։ Նավը խորտակել էին 1943թ. ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո, որպեսզի չհանձնեն Գերմանիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զբոսանավը ջրից հանել էին եւ վերանորոգել։




























