Իսրայելցի գիտնականները պարզել են, որ հաղթանակը խաղացողին ստիպում է իրեն անազնիվ պահել մրցակցի նկատմամբ: Հետազոտությունը հրապարակվել է PNAS ամսագրում:
Հետազոտողները մի շարք փորձարկումներ են կատարել, որոնց 75-ից 100 մարդ է մասնակցել: Փորձարկումներից մեկի ընթացքում մասնակիցները զար են խաղացել: Մի խաղացողի երկու զար են տվել եւ բաժակ, որի հատակին փոքրիկ բացվածք է եղել, ինչը մարդուն գաղտնի նայելու հնարավորություն է ընձեռել: Մասնակիցը կարող էր առավելագույն գումար ստանալ, եթե երկու զարն էլ վեց միավոր բերեին: Եթե խաղացողի ընդհանուր միավորների թիվը 12-ից փոքր էր, գումարի մի մասը ստանում էր հակառակորդը: Խաղի ընթացքին հետեւում էր վարողը, որը չգիտեր` խարդախում է արդյոք առաջին խաղացողը: Նրա խնդիրն էր շահումի ակնկալվող գումարը համեմատել նրա հետ, ինչ հայտնում էր խաղացողը, տեղեկացնում է Gazeta-ն:
Հետո մասնակիցները համանման փորձարկման էին մասնակցում, որտեղ վարողը գիտեր` խարդախում է արդյոք խաղացողը: Պարզվել է, որ առաջին փուլի հաղթողներն իրենց անհամեմատ ավելի հաճախակի էին անազնիվ պահում, քան նրանք, ովքեր պարտվել էին առաջին մրցությունում:
Հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ առաջին հաղթանակը մարդկանց ստիպում էր իրենց անազնիվ պահել, սակայն այդ կանոնը գործում էր միայն այն դեպքում, եթե բաշխումն իրոք կախված էր զարերի բերած միավորներից: Եթե գումարը բաշխվում էր կամայականորեն, նախորդ հաջողությունը չէր ազդում փորձարկման մասնակիցների հետագա պահվածքի վրա:



























