Հայաստանյան քաղաքական կյանքում հուսադրող ոչինչ չի երեւում. ժողովրդի մոտ համատարած հուսալքություն է։ Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներքաղաքական կյանքը նման կերպ բնութագրեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը։

Նա, սակայն, շտապեց ներկաներին հուսադրել, որ դեռ ամեն ինչ կորած չէ եւ իրենք նման դժվար վիճակից ժողովրդին դուրս բերելու «ծանր բեռը պատրաստ են վերցնել իրենց վրա՝ չկասկածելով, որ կհաջողեն»:

«Մենք խիստ դժգոհ ենք քաղաքական այն ուժերից, որոնք, ըստ էության, ներկայացնում են ըննդիմությունը, մենք դժգոհ ենք նրանց ընտրած մարտավարական քայլերից։ Բազմիցս ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք, որ մեր երկրի ներսում այսպիսի կեղեքող համակարգ ունենալու դեպքում, ընտրությունների միջոցով որեւէ փոփոխության հասնելն անհնարին է։ Դժբախտաբար, նրանք մեր այս հորդորը չեն լսում»,- ցավ հայտնեց Սեֆիլյանը՝ նշելով, որ իրենց կոչը ընտրությունների միջոցով որեւէ բան փոխելու ընթացքին վերջ տալն է։ «Մեր գործընկերները նման խոսակցություններով ժողովրդին մոլորեցնում են։ Նրանք պետք է վերջ տան կուսակցական ձեւաչափով աշխատելու գործելակերպին եւ դուրս գան հայտնի պատճառներով չկայացած քաղաքական դաշտից, այդ ճահճից»,- ընդգծեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնողը։

Հարցին, թե բացի ընտրություներից, երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը փոխելու ի՞նչ տարբերակ է տեսնում, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց. «Պետք է ձեւավորվի բարոյական եւ վճռական մարդկանց մի խումբ, որն էլ, հույսը դրած ժողովրդի վրա, պետք է առաջնորդի նրան։ Ժողովուրդը պետք է իր կամքը պարտադրի այս թափթփուկներին, որովհետեւ նա իրավունք ունի պայքարել բռնության դեմ»,- շեշետց Սեֆիլյանը։