Տարբեր ժողովուրդների լեզուներն ընդհանուր արմատներ ունեն: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի լեզվաբանները` վերլուծելով եւ համեմատելով աշխարհի 80 երկրի ամենահիմնական եւ պարզ բառերի արմատները:
Մասնագետներն ապացուցել են, որ մտային տարբեր հղացքները աշխարհի տարբեր լեզուներում իմաստաբանական առումով մոտ են իրար: Գիտնական լեզվաբանները ծրագրավորողների հետ համատեղ մեթոդիկա են ստեղծել, որը թույլ կտա գնահատել այն իմաստների մերձությունը, որոնք տարբեր լեզուների կրողները դնում են իրար մոտ կամ հեռու բառերի մեջ, տեղեկացնում է Informing-ը:
Ավելի պարզ ասած, նրանց գաղափարը մոտ էր «փչացած հեռախոս» խաղին: Տեքստը «շղթայի միջոցով» մի լեզվից մյուսին փոխադրելու ընթացքում անխուսափելիորեն ի հայտ են գալիս իմաստափոխություններ: Մասնագետները իմաստով մոտ պարզ բառեր են վերցրել, որոնք կարող էին օգտագործել մեր նախնիները, եւ դրանք փոխադրել են աշխարհի ութ լեզուներից մեկին: Դրանից հետո բառը նոր թարգմանության էր ենթարկվում:
Արդյունքում գիտնականները տեսել են, թե տարբեր լեզուները որքանով են տարբերվում իրարից եւ որքան են մոտ: Իրար մոտ բառերի սեմանտիկ իմաստների «ցանցերի» վերլուծությունը ցույց է տվել, որ աշխարհի լեզուների մեջ սեմանտիկ երեք «կլաստեր» կա:
Դրանցից մեկը միավորում է ջրի հետ կապված բառերը, մյուսը` լեռներ կամ կարծր մարմիններ նշանակող բառերը, իսկ երրորդը` ռելիեֆի տարբեր ձեւեր, ժամանակ եւ երկնային մարմիններ:
Տվյալ «կլաստերների» առկայությունը վկայում է, որ աշխարհի բոլոր լեզուներն ընդհանուր արմատ ունեն: Սակայն այժմ մասնագետները պիտի պարզեն, թե մարդկությունը ճշգրիտ երբ է խոսելու կարողություն ստացել եւ դա տեղի է ունեցել հնագույն մարդկանց մեկ պոպուլյացիայում թե միանգամից մի քանի խմբում:



























