Ղարաբաղյան բանակացային գործընթացում դրական միտումներ չեն նկատվում. այդ է պատճառը, որ կոչ ենք անում ստեփանակերտյան իշխանություններին ամեն անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանից գալիս է Լեռնային Ղարաբաղ, չհանդիպել նրանց հետ։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը։
Նա իր այս համոզմունքը բացատրեց հետեւյալով. «Ամեն անգամ Ստեփանակերտ գալով՝ Մինսկի խումբը նախ Ադրբեջանում հանդիպում է Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ, ապա Ստեփանակերտ գալիս է հանդիպելու ստեփանակերտյա՞ն իշխանությունների հետ։ Մենք կոչ ենք անում ղարաբաղյան իշխանություններին չհանդիպել նրանց հետ, արհամարհել նրանց՝ ասելով, որ նրանք իրավունք չունեն իրենց դիտել իբրեւ ԼՂ հայկական համայնքի ներկայացուցչություն»:
Անդրադառնալով մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներ ժամանելիք միսիոներական խմբի աշխատանքներին, Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ միսիոներական այցի հիմնական պատճառը «երեւանյան իշխանության հակահայ ընթացքն է»։ «Ազատագրված տարածքների բնակիչները պետք է ընդունեն միսիոներներին, ինչպես վայել է հայերին, բայցեւ հուշեն, որ նրանք ընդամենը թյուրիմացության մեջ են եւ հասկացնեն, որ նրանց այստեղ հրավիրող երեւանյան իշխանությունները ոչ մի կապ չունեն հայության հետ։ Վերաբնակները պետք է միսիոներներին հիշեցնեն, որ երբ Սերժ Սարգսյանը սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում փորձում էր հավաստիացնել, որ հայկական կողմը ազատագրված տարածքների վերաբնակեցմամբ չի զբաղվում, դա իրականում այդպես չէ, սուտ է»,- նկատեց Սեֆիլյանը։
Ամփոփելով՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնողը համոզմունք հայտնեց, որ «ներքաղաքական ամենօրյա հետընթացի պատճառով մեր երկրի արտաքին կառավարումը հասել է աննախադեպ չափերի»։




























