Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը հայտնել է, թե 2011-ից հետո հնարավոր կլինի Թուրքիայում աշխատել նոր Սահմանադրություն ստեղծելու ուղղությամբ։

Ըստ Հուսեյն Չելիքի՝  եթե թուրք հասարակությունը 2011-ի ընտրություններին վստահության քվե տա իրենց, դրանից հետո իրենք ձեռնամուխ կլինեն լրիվ ժամանակակից, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող Սահմանադրություն ստեղծելու գործին, որի համար միայն հպարտ կլինեն։

Անդրադառնալով սեպտեմբերի 12-ի հանրաքվեին, որտեղ ժողովուրդը հավանության տվեց սահմանադրական բարեփոխումների փաթեթին, Հուսեյն Չելիքը նշել է, թե հոկտեմբերի 1-ից սկսվող խորհրդարանի աշխատանքների ընթացքում ենթաօրենսդրական հավելումներ կարվեն մասնակի փոփոխված Սահմանադրության մեջ։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ի հանրաքվեի ընթացքում Թուրքիայի ընտրողների 58 տոկոսն «այո» է ասել իշխող կուսակցության կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների փաթեթին։