Կենսաբանները ագռավների մոտ գտել են գիտակցության ամենակարեւոր հատկանիշներից մեկը՝ մրցակիցների մտքերն ու մտադրությունները գնահատելու ունակությունը: Հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Nature Communications ամսագրում:
Կենսաբանները հետեւել են ագռավներին, որոնք իրենց ուտելիքի գաղտնարանները պաշտպանում էին մյուս ագռավներից, որոնք գտնվում էին պատից այն կողմ: Պատի վրա կար սողնակ ու փոքրիկ անցք: Երբ սողնակը բաց էր, ու ագռավը տեսնում էր մյուս թռչունին, նա անհանգստության նշաններ էր դրսեւորում ու պահպանում իր թաքստոցը, հայտնում է Lenta-ն:
Երբ սողնակը փակ էր, իսկ անցքը՝ բաց, այսինքն երբ թռչունը չէր կարողանում տեսնել իր մրցակցին, բայց կարողանում էր լսել նրան, նա դարձյալ անհանգստություն էր դրսեւորում: Երրորդ փորձության ժամանակ, երբ սողնակն ու անցքը փակ էին, թռչունը անհանգստություն չէր դրսեւորում նույնիսկ այն ժամանակ, երբ լսում էր մյուս ագռավի ձայնը:
Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ագռավները իրենց վարքագիծը փոխում են ոչ միայն այն ժամանակ, երբ տեսնում են իրենց մրցակիցներին, այլեւ այն ժամանակ, երբ ենթադրում են, որ նրանք էլ իրենց են տեսնում: Նման վարքագիծը գիտակացության դրսեւորումներից մեկն է ու բնորոշ է մարդուն, եւ ինչպես կենսաբաններն են ենթադրում՝ նաեւ շիմպանզեին: Գիտակցության (ինքնագիտակցության) առանձին նշաներ բնորոշ են նաեւ դելֆիններին ու հավանաբար նաեւ՝ փղերին:



























