Երկօրյա այցով Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ-խորհրդականները: Այցի նպատակը ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ուղղությամբ ներկայացված առաջարկությունների քննարկումն է: Սեպտեմբերի 14-ին նրանք հանդիպումներ են ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների` ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» պատգամավորների, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն ԸՕ-ի վերաբերյալ սեփական առաջարկներն էին ներկայացրել Վենետիկի հանձնաժողով` որպես հակակշիռ իշխանությունների ուղարկած երկու նախագծերի:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ իշխանության ներկայացրած օրինագծերը «որեւէ դրական հույս չեն տալիս, որ իշխանությունները պատրաստվում են նորմալ ընտրություններ անցկացնել եւ հերթական անգամ փորձում են, Օրենսգրքում ունենալով բազմաթիվ բացեր, բազմաթիվ հնարավորություններ կեղծիքներ կատարելու, շարունակել այն արատավոր ընտրական պրակտիկան, որը եղել է մինչեւ այժմ»:

ՀԱԿ-ի  ներկայացուցիչները եւս եվրոպացի փորձագետների հետ հանդիպմանը ներկայացրել են գործող օրենսգիրքը բարեփոխելու իրենց առաջարկությունները: «Հենց այդ առաջարկությունների եւ միջազգային կազմակերպությունների առաջարկությունների ընդունումով իշխանությունները ցույց կտան` արդյոք, ունե՞ն քաղաքական կամք` փոփոխություններ մտցնելու ընտրությունների կազմակերպման հարցում»,- ասել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Այսօր` սեպտեմբերի 15-ին եվրոպացի փորձագետները կհանդիպեն կոալիցիոն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: