NEWS.am-ը շարունակում է հրապարակել մեկնաբանությունների շարք՝ կապված Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա մեկնելու նպատակահարմարության հետ: Այցը պետք է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցի պատասխանը լինի: Սակայն թուրքական կողմը Ադրբեջանի ճնշման տակ սկսեց նախապայմաններ առաջ քաշել՝ հայ-թուրքական մերձեցման հեռանկարները կապելով ղարաբաղյան հակամարտության հետ, ինչը հակասում է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից համաձայնեցրած «ճանապարհային քարտեզին»: Ահա այսպես են գնահատում ստեղծված իրավիճակը ռուսաստանյան փորձագետները:
Հայ-թուրքական հարաբերոթյունները, անխոս, կարիք ունեն բարելավման, բայց այդ գործընթացը չպետք է տեղի ունենա հայկական կողմի միակողմանի զիջումների շնորհիվ, կարծում է Ռուսաստանի Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:
Հայաստանի նախագահի հայտարարությունը, թե կայցելի միայն հայ-թուրքրական սահմանի բացման կամ սահմանների բացման նախաշեմին գտնվելու դեպքում, ռուսաստանցի փորձագետը գնահատեց որպես լիովին համարժեք մարտավարական քայլ, որը «հնարավորություն է տալիս թուրքական ղեկավարությանը՝ ցույց տալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մտադրությունների անկեղծությունը»:
Արեշեւի խոսքերով՝ Հայաստանի նախագահը դեռ վերջնական որոշում չի ընդունել, «ամեն ինչ կախված է նրանից, արդյո՞ք թուրքական կողմը կառուցողական դիրքորոշում կորդեգրի՞, թե՞ ոչ»: Վերջիվերջո, փորձագետի կարծիքով, այցը կարող է կայանալ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում, իսկ որպես լիարժեք պետական այց, խելամիտ կլիներ, «իրավիճակից բխող իրական քայլեր կատարել»:
Ինչպես նշեց ռուսաստանցի փորձագետը, թուրքական կողմի ծայրահեղ հակասական հայտարարությունները լուրջ մտորելու տեղիք տվեցին՝ հայ-թուրքական սահմանի բացումն արդյո՞ք այդ երկրում որպես հիմնական հարց է դիտարկվում. «Տվյալ խնդիրը մեծամասամբ դիտարկվում է որպես խաղ Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ, իսկ գործնականում մենք տեսնում ենք վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որն ուղղակիորեն ղարաբաղյան հարցի ադրբեջանամետ լուծումը կապեց սահմանի բացման հետ»:
Տվյալ հարցում արմատապես հակադիր կարծիք ունի Ռազմագիտության ակադեմիայի թղթակից-անդամ Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարեց, որ Հայաստանի նախագահն անպայման պետք է լինի Թուրքիայում՝ անկախ նրանից՝ կան դիվանագիտական հարաբերություններ, թե ոչ. «Հայաստանի նախագահը չպետք է կորցնի Թուրքիայի նախագահի հետ ուղիղ խոսելու հնարավորությունը»:
Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ աշնանը Թուրքիա մեկնելու հնարավորությունը, Սանկտ-Պետերբուրգի «Ստրատեգիա» հումանիտար-քաղաքագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը կարծիք հայտնեց, որ հայկական պետության ղեկավարը պետք է պարտադիր կատարի այդ այցը: «Հարցի լուծմանն ուղղված ցանկացած բանակցություն եւ քննարկում լավ է: Միշտ պետք է քննարկել, պայմանավորվել, դա խնդրի լուծման միակ ուղին է»,- կարծում է փորձագետը: Նրա կարծիքով, կատարելով այցը՝ Սարգսյանը կարող է կորցնել իր ազդեցությունը արմատական քայլեր սիրողների մեջ, «իսկ խելացի մարդկանց մեջ, իհարկե, չի կորցնի»:




























