Սեպտեմբերի 12-16-ը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հրավերով ԳԴՀ կատարած այցի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 12-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում Աշոտյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ գործունեության առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումներն ու նորամուծությունները, Սփյուռքի կրթօջախների հետ տարվող աշխատանքը: ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամներ` Երեւանի պետական տեխնիկական եւ ագրարային համալսարանների ռեկտորները ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունների գործունեության հիմնական ուղղությունները եւ համագործակցությունը գերմանական գործընկերների հետ:
Քննարկվել է Գերմանիայում հայագիտական ամբիոնների եւ կենտրոնների պահպանման եւ նմանատիպ նոր կառույցների հիմնադրման հարցը, ներկայացվել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանում գործող «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիման վրա հայագիտական ամբիոն հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: ՀՀ ԿԳ նախարարը պարզաբանումներէ տվել ՀՀ ուսումնական հաստատություններ եւ գիտահետազոտական հիմնարկներ սփյուռքահայ դիմորդների ընդունման կարգի, ուսուցիչների վերապատրաստման, Սփյուռքի կրթօջախներին գրականության տրամադրման հարցերի շուրջ:




























