Օրերս «Թումանյանական օրվա» շրջանակներում մեկնարկել է «Լոռվա ձորում» խորագիրը կրող նկարչական  փառատոնը` նվիրված Հրանտ Մաթեւոսյանի  75- ամյակին:

«Լոռվա ձորում» փառատոնի սկիզբը  դրվել է անցած տարի` Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ: Իսկ այժմ 12 ճանաչված նկարիչներ արդեն մի քանի օր է, ինչ ստեղծագործում են Լոռվա ձորի տարբեր տարածքներում: Ստեղծագործական հիմնական խաչմերուկը Մոտկոր աշխարհի  գյուղերն են: Այստեղ է գտնվում  Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրը` Ահնիձորը` իր գեղեցիկ եւ անկրկնելի բնաշխարհով:

«Մի քանի տարի առաջ ես առիթ եմ ունեցել ցուցահանդես կազմակերպելու նվիրված  Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակին: Հիմա էլ կրկին իմ գործընկերների հետ եկել ենք Հրանտի աշխարհ եւ կփորձենք վրձնահարվածներով ներկայացնել այն: Հուսով եմ, որ աշնանը հետաքրքիր ցուցահանդես կունենանք Երեւանում»,- ասել է ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանը:

Ախթալայում սեպտեմբերի 19-ին սուրբ Մարիամ Աստվածածին  եկեղեցու վերաօծումից հետո կկազմակերպվի հանպատրաստից բացօթյա ցուցահանդես, կներկայացվեն ստեղծագործական աշխատանքները եւ դրանով իսկ կկատարվի սիմպոզիումի փակումը: