ՌԴ-ում Հայաստանի դեսպանություն է այցելել ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը: Դեսպան Օլեգ Եսայանն, ընդունելով մեծ դերասանին եւ ջերմորեն ողջունելով նրան, նշել է Արմեն Ջիգարխանյանի ունեցած մեծ ավանդը մշակույթի եւ hայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում, խոսել անկրկնելի դերասանական կոլորիտով եւ կատարողական բարձր արվեստով համեմված նրա բազմաթիվ դերերի մասին, որոնք գերել են բազմահազար հանդիսատեսի հոգիներ` փառավորելով եւ իրեն, եւ հայ ժողովրդին:
Դեսպան Եսայանը եւ Ջիգարխանյանը խոսել են հայ-ռուսական մշակութային համագործակցության բնագավառում համատեղ ծրագրերի եւ դրանց իրականացման ուղղությունների մասին:
Արմեն Ջիգարխանյանն անդրադարձել է նաեւ իր թատրոնի նոր նախագծերին եւ հրավիրել Օլեգ Եսայանին թատերաշրջանի բացման արարողությանը, որը նվիրված է լինելու թատրոնի ստեղծման 15-ամյակին եւ իր ծննդյան 75-ամյակին:




























