Օգոստոսի 25-ին Թեհրանում սկսվել է ընդդիմադիրների առնչությամբ 4-րդ դատավարությունը, որոնք մեղադրվում են հետընտրական անկարգությունները կազմակերպելու ու դրանց մասնակցելու համար։ Այս անգամ մեղադրյալի աթոռին են հայտնվել շուրջ 20 մարդ, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Մեղադրյալները, որոնց շարքերում են ներքին գործերի նախկին նախարար Մոստաֆա Թաջզադեն, արտգործնախարարի նախկին տեղակալ Մոխսեն Ամինզադեն եւ կառավարության նախկին ներկայացուցիչ Աբդոլլա Ռամազանզադեն, մեղադրվում են անկարգություններ կազմակերպելու նպատակով արտասահմանյան երկրների հետ համաձայնության համար։
Իրանական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ բարեփոխումների առաջատար կողմնակից Սաիդ Խաջարին, որը ներկա էր դատավարությանը, հայտնել է, թե ափսոսում է արածների համար եւ դուրս է գալիս «Մոշարեկատ» ընդդիմադիր կուսակցությունից։ Ինչպես ասվում էր ընդդիմադրի հայտարարության մեջ, որը մեջբերում են իրանական լրատվամիջոցները, նա ափսոսում է «մեծ սխալների համար», որոնք կատարել է ընտրությունների վերաբերյալ իր գնահատականով։
«Ներողություն եմ հայցում իրանական ժողովրդից… եւ դուրս եմ գալիս „Մոշարակատի“ շարքերից, հայտարարում եմ Սահմանադրությանն իմ հավատարմության մասին եւ… գերագույն առաջնորդին»,-ասել է Խաջարին։
Մեղադրական խոսքով հանդես գալով՝ դատախազության ներկայացուցիչը, իր հերթին, պահանջել է ընդդիմադիր կազմակերպությունների լուծարումն ու նրանց առաջնորդների հանձնումը դատարանին։



























