«Հրապարակ» օրաթերթի թղթակցին երեկ ԱԺ-ում պատմել են, որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ժամանակին 50 հազար դոլարից ավելի գումար է խնդրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մորից՝ Ռոզա Ծառուկյանից, արտերկրում տղայի վիրահատության համար:
Ծառուկյանները ոչ միայն տվել են այդ գումարը, այլեւ պատրաստակամություն հայտնել ամեն ինչով օժանդակել նրա որդու առողջական խնդիրների լուծմանը: Ամիսներ անց պարզվել է, որ գումարը ծախսվել է ոչ թե որդու առողջության կարգավորման, այլ բոլորովին այլ նպատակներով:
Այնուամենայնիվ, Ծառուկյանը հարկ չի համարել հաշվետվություն պահանջել Դալլաքյանից: «Երեկ այդ պատմությանը լավատեղյակ պատգամավորները վերհիշել էին` ցնցված Դալլաքյանի նախօրեի հայտարարությունից»,-գրում է թերթը եւ հավելում, որ կապվել է Ծառուկյանների ընտանիքի մերձավորներից մեկի հետ եւ փորձել ճշտել այս տեղեկությունը: Վերջինս հաստատել է այն՝ մի քանի մանրամասներ ավելացնելով, որոնք, սակայն, թերթը չի տպագրել:




























