«168 ժամ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջերս իր մոտ է հրավիրել մարզի դպրոցների տնօրեններին ու հրահանգել, որ դպրոցների բուֆետներում վաճառվող հացաբուլկեղենը այսուհետ նրանք պետք է գնեն մեկ կոնկրետ արտադրողից: Մարզպետը նրանց է ներկայացրել նաեւ այդ արտադրողի անունը: Արմավիրի մարզպետարանին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ, Ղահրամանյանը դպրոցի տնօրեններին նման հրահանգ է ներկայացրել, քանի որ այդ կազմակերպությունը խոստացել է դրա դիմաց ստացված շահույթից նրան ամեն ամիս բաժնեմաս հատկացնել: Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայության պատասխանատուն երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է մարզպետի այդ կարգարդրության մասին լուրը եւ խոստացել այսօր տրամադրել այդ կազմակերպության անունը: Վերջինն իր ղեկավարի այդ հրահանգը մեկնաբանել է որպես երեխաների շահերի պաշտպանությանն ուղղված քայլ, որով նրանք զերծ կմնան թունավորումներից:
Թերթը հիշեցնում է, որ Ղարհրամանյանն անցյալ տարի էլ որոշել էր, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցականները պետք է կրեն նույն համազգեստը, որն արտադրվել էր կրկին իր ներկայացրած կազմակերպության կողմից: Մարզի ծնողները դժգոհել էին, թե մարզպետն այդ գործում էլ իր բաժնեմասն ունի, եւ հրաժարվել էին այդ ծրագրից:




























