Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Թուրքիայի վարչապետից Վանի Սուրբ խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։ Սեպտեբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքով, թուրքական կառավարությունից պաշտոնական հրավեր չստանալու փաստն իր համար բոլորովին էլ զարմանալի չէ։ «Ի՞նչ է նշանակում հրավեր մի հիմնարկի տնօրենի, որը կոչվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»,- հարց հնչեցրեց Դոմոյանը։

Նրա գնահատմամբ, հայկական կողմի վերաբերմունքը՝ չներկայանալ Վանի Աթամար կղզու պատարագին, համարժեք էր եւ լավ մտածված։ «Ճիշտ էր նաեւ Մայր Աթոռի արձագանքը։ Հոգեւորականությունը ճիշտ որոշում ընդունեց՝ հայտարարելով, որ չի պատրաստվում ներկա գտնվել այդ արարողությանը։ Մենք խամաճիկ կամ լարախաղաց չենք, որ մեր ինքնասիրությունը թողած՝ գնանք այնտեղ։ Լավ կլիներ, եթե արարողության մասին խոսեին նաեւ միջազգային կառույցները»,-նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Դեմոյանի համոզմամբ, Սուրբ խաչ եկեղեցու շուրջ բարձրացրած թուրքական աղմուկը, որն առավելապես քարոզչական նպատակ է կրում, աշխատեց նրանց իսկ դեմ։ «Թուրքիան լավ է գիտակցում, որ այսքան մեծ քարոզչությունն իր դեմ է աշխատում։ Միանգամայն ակնհայտ է, որ եթե հայկական եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվում, ապա այդ ամենը զուտ քաղաքական շոու է, հենց սկզբից տապալված թուրքական սցենար»,- ավարտեց Դեմոյանը։

Նշենք, որ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների եւ քաղաքական գործիչների՝ հրավիրելով սեպտեմբերի 17-22-ը այցելել Թուրքիա եւ մասնակցել Սուրբ Խաչի պատարագին: