Երեւանի Հերացու փողոցում երեկ՝ սեպտեմբերի 15-ին վթարի ենթարկված «BMW X-5» մակնիշի վրացական NUG 101 համարանիշներով ՋԻՊ ավտոմեքենայի վարորդը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի օգնականը՝ Վահե Վարդապետյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ինքը` պատգամավորը: «Փառք Աստծո, ոչ մեկին բան չի պատահել, դեպք է, տեղի է ունեցել: Կարեւորը՝ որ մարդկային զոհեր եւ լուրջ վնասվածքներ չկան»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ վթարի ենթարկված մյուս մեքենայի՝ «Միլենա» տաքսի ծառայության Տ 0301 համարանիշի մեքենայի վարորդը նույնպես բուժզննում է անցել եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ի դեպ, վթարի ենթարկված մեքենան պատկանում է ոչ Վարդապետյանին, ոչ էլ նրա օգնականին: «Այդ մեքենան լիազորագրով այստեղ քշվում է, իսկ մեքենայի տերը Վրաստանի քաղաքացի է»,- ասաց նա: Հարցին, թե ո՞վ է ձեռք բերել մեքենան՝ ինքը, թե իր օգնականը՝ Վարդապետյանն ասաց. «Ոչ ես, ոչ էլ իմ օգնականը: Մեքենայի իրական տերը Վրաստանի քաղաքացի է: Բնականաբար՝ տերն է ձեռք բերել: Հիմի ինչ էական նշանակություն ունի, թե փողն ով է տվել: Մեքենան Վրաստանում գրանցված մեքենա է»: Վարդապետյանն ասաց, որ թե ինքը, թե օգնականն ունեն մեքենա վարելու լիազորագիր. «Փաստաթղթային մասի հետ կապված որեւէ խոչընդոտ չկա: Ե՜ւ սահմանը հատելու ժամկետը, ե՜ւ մնացած փաստաթղթերը նորմալ են: Ես ինքս կարգապահ վարորդ եմ եւ կարգապահ քաղաքացի: Եւ եթե հանդիպենք, կարող եմ հատ-հատ ցույց տալ բոլոր փաստաթղթերը»: Նշենք, որ պատգամավորի կողմից քշվող մեքենան ամիսը մի քանի անգամ ելումուտ է անում Վրաստան, եւ երկուշաբթի երեկոյան է վերադարձել Ջավախքից: Ի դեպ, պատգամավորն ի հավելումն ասաց, թե պետք չէ քաղաքական աստառ տալ վթարին. «Պատահար է, որը կարող է ցանկացածիս հետ լինի: Դրան կարիք չկա քաղաքական աստառ տալ»,-նշեց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վթարից հետո դեպքի վայր էին եկել մի շարք հանրապետական պատգամավորներ, այդ թվում Աշոտ Աղաբաբյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, Գալուստ Սահակյանը եւ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո»):
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























