Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ղեկավարն ընդգծել է Բոժկոյի դերը եւ ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես դեսպան, այլ նաեւ որպես հայագետ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ:
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել պարոն Բոժկոյին հետագա գործունեության մեջ եւ վստահություն հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամը` իր գործունեությամբ նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը:
Դեսպան Բոժկոն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ մի շարք ոլորտներում`տնտեսական, մշակութային, նաեւ ապակենտրոնացված համագործակցության, նոր լիցք եւ զարգացման աշխույժ դինամիկա է նկատվում, ինչը հնարավորություն կընձեռի մոտ ապագայում որակապես նոր աստիճանի հասցնել երկկողմ հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Բոժկոն ՀՀ նախագահին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի հրավերը` պաշտոնական այց կատարելու Ուկրաինա:





























