Հայաստանի քաղաքացուն ողջ-ողջ այրած Սարատովի 3 միլիցիոներներից 2-ն արժանացել են դատարանի ներողամտությանը։
Սարատովի Լենինյան շրջանի ներքին գործերի բաժանմունքի օպերլիազորներ Դմիտրի Կորչագինը, Յուրի Օգոլցովն ու Դենիս Չուրիկովը մեղադրվում են Ռուսաստանի ՔՕ 286 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) և 105 հոդվածի 2-րդ մասով (կանխամտածված սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում)։ 2008 թվականի հոկտեմբերին հարբած միլիցիոներները ավտոբուսի կանգառում բռնել են 30-ամյա Արմեն Գասպարյանին՝ իբր մանր գողության մեղադրանքով, բերման ենթարկել միլիցիայի բաժանմունք, այնուհետև ծեծել են նրան՝ պահանջելով խոստովանական ցուցմունքներ տալ։ Այն բանից հետո, երբ Հայաստանի քաղաքացին հրաժարվել է ցուցմունքներ տալ, նրան տարել են անտառ և վրան բենզին լցնելով՝ ողջ-ողջ այրել։
Երդվյալ ատենակալների դատական կոլեգիան բոլոր 3 մեղադրյալներին մեղավոր է ճանաչել, սակայն համարել է, որ նրանցից երկուսը ներողամտության են արժանի, քանի որ մասնակիորեն ընդունել են իրենց մեղքը։ Միլիցիոներների կրելիք պատժաչափը հայտնի կդառնա մոտ ժամանակներս։


























