«Առավոտ»-ի աղբյուրների հաղորդմամբ, կիրակի օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող «Արագած» մարզամշակութային ակումբում տեղի է ունեցել հերթական «ռազբորկան»՝ Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդու՝ Արկադիի եւ նրա մոտ ընկերոջ՝ Արգիմետ Դիլանյանի միջեւ: «Ռազբորկան» ավարտվել է կրակոցներով:
Ըստ նույն օրերին շրջանառվող լուրերի, վերջիններիս միջեւ անգամ քավոր-սանիկային բարեկամական կապ կա: Թերթը տեղեկացնում է, որ «Արագած»-ը պատկանում է Արկադիի հորը՝ Հրաչիկ Խաչատրյանին, ով լինելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերը ու երկար տարիներ աշխատելով քաղաքապետարանում՝ հարմարեցրեց 99 տոկոսով վարձակալական հիմունքներով վերցնել մշակութային ակումբը:
26-ամյա Արկադի Խաչատրյանը «Մակարով» տեսակի ատրճանակից այնպես է կրակել Արգիմետին, որ վերջինիս կրծքավանդակի աջ կեսը, ձախակողմյան թոքը վնասվել է: Թե որն է եղել Գյումրի «ոսկե երիտասարդության» կռվի թեման, պաշտոնական աղբյուրները լռում են, քանի որ, ըստ նրանց, տուժողը դեռեւս անգիտակից վիճակում է, եւ նշանակված են փորձաքննություններ՝ հետքաբանական, դատաբժշկական ու այլն: Փոխարենը, ըստ թերթի աղբյուրի, երիտասարդներից մեկի տված ցուցմունքի համաձայն, իրենք «հանաք են արել» «կրակոց-կրակոց» են խաղացել:



























