Սեպտեմբերի 17-ին, ժամը 01.42-ին ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-21063» մակնիշի 18 ՕՕ 512 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 33-ամյա Ոսկան Հարությունյանը, եւ ուղեւորներ` 28-ամյա Խաչիկ եւ 24-ամյա Սերգեյ Հարությունյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տուժածները փրկարարների ուժերով դուրս են բերվել ձորից եւ «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց:
Ո. Հարությունյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է բավարար:





























