Հնագետները Երուսաղեմի տարածքում 7 հազար տարվա վաղեմության բնակավայր են հայտնաբերել: Իսրայելի ազգային հեռուստաընկերության փոխանցմամբ դա վկայում է այն մասին, որ Երուսաղեմը հազար տարով ավելի հին է, քան մինչեւ հիմա համարվում էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իսրայելի հնությունների վարչության տեղեկություններով՝ պեղումների ժամանակ Երուսաղեմի հյուսիսում հայտնաբերվել են մարդկանց բնակավայրեր, որոնք պատկանում են պղնձի դարին, այսինքն՝ մ.թ.ա. 5-րդ հազարամյակին:

«Պղնձի-քարի դարի հուշարձանները հայտնի են Նեգեւի անապատում, Գալիելայում, սակայն գրեթե ամբողջովին բացակայում են Երուսաղեմում»,- ասել է Հնությունների վարչության դոկտոր Օմրի Բարզիլաին:

Նա նշել է, որ թեպետ անցյալ տարիներին պղնձի-քարի դարին պատկանող իրեր հայտնաբերվել էին Երուսաղեմի տարբեր հատվածներում, դրանք շատ ցաքուցրիվ են եղել: «Հիմա մենք գտել ենք յոթհազարամյա հնության ազդեցիկ գտածոներ»,- ասել է նա: Խոսքը կերամիկական ամանեղենի, բազալտե բաժակի, կայծքարե աշխատանքի գործիքների մասին է, որոնք բնորոշ են պղնձի-քարի դարաշարջանին:

«Հիմա պարզ է դառնում, որ ներկայիս Երուսաղեմի տարածքում ժամանակին մեծ բնակավայր է եղել»,- վստահ է պեղումների ղեկավար Ռոնիթ Լուպոն: Կերամիկայի բացի, հայտնաբերվել են փոքր մանգաղներ, կացիններ եւ անգամ թանկարժեք քարերից վզնոցներ:

Նշենք, որ մինչեւ հիմա գիտնականները կարծում էին, որ ժամանակակից Երուսաղեմում առաջին բնակավայրը հիմնվել է մ.թ.ա. 4500-3500 թթ.: