Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.10-ին Գորիսի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 12.11-ին դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Ֆիթինգ-05» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ բարձրությունից գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը`  21-ամյա Նիկոլայ Իլյինը, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տուժածը հրշեջ-փրկարարների ուժերով դուրս է բերվել ձորից եւ «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է բավարար: