Վանաձորի քաղաքային գերեզմանատանը հարակից անտառամիջյան ճանապարհին սեպտեմբերի 15-ի երեկոյան տեղի է ունեցել ավտոպատահար:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 19.57-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԿԱՄԱԶ-53111» մակնիշի 10 ԼՏ 840 պետհամարանիշի ինքնաթափ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ 100 մ բարձրությունից գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 30-ամյա Արմեն Սաղալյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից` անգիտակից վիճակում: Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
Փրկարարների կողմից կատարվել է տեղանքի զննում, այլ տուժածներ չեն հայտնաբերվել:
Ըստ բժշկի` Ա. Սաղալյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր:




























