Մարտի սկզբին Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն կհրապարակվի։ Նման եզրակացություն կարելի է անել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների նախագծի աշխատանքների մասնակից Հրայր Թովմասյանի ասածից ելնելով։ Թովմասյանը փետրվարի 18-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ նշված ժամկետում հանրությունը կունենա ինչ-որ չափով հրապարակված նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը։

Նա հիշեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի համաձայն՝ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը։ Մինչեւ մարտ, ամենայն հավանականությամբ, կկայանան խորհրդարանական լսումները եւ ՀԿ-ների հետ քննարկումները։ Թովմասյանը նշել է, որ նախնական համաձայնությամբ՝ ԸՕ նախագիծը կուղարկվի ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողով։ «Ցանկալի է, որ 2 այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպես Վենետիկի  հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն են, միասին համապարփակ եզրահանգում տան»,- հավելել է Հրայր Թովմասյանը։