Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավարությունը կարծում է, որ եվրոգոտւ տնտեսության ռիսկերը ֆինանսական եւ հումքային շուկաների անկայունության եւ emerging markets-ի թուլացման ֆոնին մեծացել են, գրում է Financial Times-ը։

Նախօրեին հրապարակած ԵԿԲ նիստի արձանագրության համաձայն՝ կառավարող խորհրդի անդամներն ակնկալում են, որ տարածաշրջանում գնաճը եւս մի քանի ամիս բացասական կլինի նավթի ցածր գների պատճառով, փոխանցում է Gazeta-ն։

Սպառողական գների բացառապես թույլ տեմպերը կարող են ազդել աշխատավարձերի եւ գների այլ տեսակների վրա, ինչը կարող է գնանկման պարույր ստեղծել, ինչից ԵԿԲ-ն ուզում է խուսափել։

Արձանագրությունից պարզ է դառնում, որ ԵԿԲ ղեկավար խորհուրդը միաձայն համարում է, որ իր ներկայիս քաղաքականությունը վերանայման կարիք ունի, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտին, երբ պատրաստ կլինեն նոր մակրոտնտեսական կանխատեսումները։

Վերլուծաբանները ենթադրում են, որ ԵԿԲ մարտի  նիստին QE ծրագրի շրջանակներում պարտատոմսերի գնումը ներկայիս 60 մլրդ եվրոյից կմեծանա մինչեւ ամսական 80 մլրդ եվրո, ինչպես նաեւ դեպոզիտային դրույքը -0.3 տոկոսից կիջեցվի 0.5 տոկոսի։