Մոսկվայում ԵՏՄ երկրների փորձագետները համաձայնեցրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի «Գյուղատնտեսական արտադրանքների առեւտրի բորսային գործիքների համակարգված զարգացման մասին» հանձնարարականի նախագիծը։ Քննարկվել են ԵՏՄ-ում կազմակերպված ապրանքաշուկայի ձեւավորման հիմնական արգելքներն ու դրա կայացման հետագա ճանապարհները։ Քննարկումն ընթացել է ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Խորհրդատվական հանձնաժողովին կից Աշխատանքային խմբի նիստում։
Նիստին մասնակցել են ԵՏՀ ներկայացուցիչները, ԵՏՄ երկրների լիազոր մարմինները, ՌԴ ԿԲ-ի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի բորսայի եւ բորսային ընկերությունների, արդյունաբերական միությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչները, ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչներ եւ այլք։
Հանձնարարականի նախագծով նախատեսվում է ԵՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի բորսային առեւտրի զարգացման համար մշակել գերակա ուղղությունները, միութենական երկրների համագործակցության մեխանիզմները եւ սկզբունքները, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ երկրների ազգային օրենսդրության ներդաշնակեցումը։




























