Օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանում հարսանիքի մասնակցած 135 մարդուց սննդային թունավորման ախտանիշներով բժշկի էին դիմել 41-ը։ Ռեստորանի խոհանոցից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունը վկայել է դրանցում ստաֆիլակոկի առկայության մասին։ Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեղեկություններ տրամադրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։
Նրա տեղեկացմամբ, թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել, քննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 19-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց էին տեղափոխվել 41 քաղաքացիներ. 22-ը` «Արմենիա», 8-ը` «Նորք», 7-ը` «Էրեբունի», 1-ը` «Մուրացան» բժշկական կենտրոններ եւ 2-ը` 3-րդ հիվանդանոց:



























