Ինչպե՞ս ազդեց Ռուսաստանի կողմից ուղիղ մեկ տարի առաջ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման վրա: NEWS.am-ի թղթակցի այս հարցին ի պատասխան Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն ասաց. «Անմիջական ազդեցության մասին դժվար է խոսել, բայց այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահները արդեն մեկ տարի է՝ ակտիվ փորձում են լուծում գտնել ԼՂ խնդրին, իհակե կապված է այդ հանգամանքի հետ, որովհետեւ իրավիճակը փոխվել է եւ մենք նկատում ենք, որ հետաքրքրությունը մեծացել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ»:

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, ընդհանուր մթնոլորտն է փոխվել: «Երբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի կողմից ճանաչվեցին մի դեպքում Աբխազիան եւ Հարավային Օսիան, մյուս կողմից Կոսովոն, դա ավելի է լրջացրել այդ հարցի շուրջ քննարկումները: Այս տարի շատ է խոսվում հենց Ղարաբաղի ճանաչել-չճանաչելու վերաբերյալ եւ այդ հարցն ավելի ակտիվ է քննարկվում: Օրինակ՝ Բրայզան Կոսովոյի մասին խոսելիս հայտարարեց, որ մարդիկ պայքարով նվաճել են իրենց անկախությունը, որը նոր մթնոլորտի մասին է խոսում»,- նշեց նա ու հավելեց. «Իհարկե, նաեւ նոր վտանգներ են ի հայտ եկել կապված Ռուսաստանի հետ, որովհետեւ պարզ երեւում է, որ այդ երկիրը 2008-ին ամեն կերպ փորձում էր Վրաստանի տարածքում իր ունեցած հաջողությունները ինչ-որ կերպ շարունակել նաեւ ԼՂ խնդրում: Նկատվում էր, որ ՌԴ-ն ցանկանում էր իր ցանկացած պլաններով տանել ԼՂ կարգավորումը: Իսկ դա վտանգավոր էր, որովհետեւ եթե մի երկիր փորձում է սեպարատ ձեւով ինչ-որ լուծումներ գտնել, բնականաբար, մյուսներն էլ են ինչ-որ քայլերի գնում, օրինակ Թուրքիան ակտիվացավ, մեծանում են գերտերությունների հակասությունները»:

Հարցին, թե ի՞նչ տվեց Ղարաբաղին այն, որ նա ժամանակին դադարեց մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ կազմակերպվող Կովկասի չճանաչված հանրապետությունների ղեկավարների պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներին, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դրանք շատ էական հանդիպումներ էին եւ կարեւոր նշանակություն ունեցան հետագա զարգացումների վրա: «Չեմ կարծում, որ ՌԴ դիրքորոշումը պայմանավորված էր այդ հանդիպումներին ԼՂ-ի մասնակցել-չմասնակցելով: Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում իրեն մի կերպ է պահում, ԼՂ հարցում` մեկ այլ կերպ, քանի որ դրանք իր համար տարբեր ուղղություններ են: ԼՂ խնդիրը շատ ավելի մեծ ու լուրջ խնդիր է միջազգային հարաբերությունների համատեքստում: Իհարկե, Ռուսաստանը հնարավոր է նաեւ ճանաչեր Ղարաբաղը, բայց դա ոչ մի կապ չէր ունենալու այլ խնդիրների հետ: Դա կապված է կոնկրետ այս խնդրում Ռուսաստանի շահերի հետ»: