Որպեսզի Հայաստանում լուրջ քաղաքական փոփոխություններ լինեն, անհրաժեշտ են ֆորս-մաժորային իրավիճակներ, ինչին հայկական քաղաքական ուժերն այսօր պատրաստ չեն: Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցին նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանում ֆորս-մաժորային իրավիճակներ հնարավոր են միայն արտաքին ուժերի եւ գործոնների ազդեցությամբ:

«Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, թե ընթացիկ տարում քաղաքական գործընթացներ չի ակնկալում: «Գործըթնացները բուռն կլինեն աշխատանքային, բայց ոչ քաղաքական իմաստով»,- ասել է նա:

Քաղաքական գործընթացներից առանձնակի սպասելիքներ չունի նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը: Նա նաեւ հոռետեսորեն է վերաբերում ժողովրդին զարմացնելու Հայ ազգային կոնգրեսի խոստումներին: «Ես իսկապես կզարմանամ, եթե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճանաչի Հայ Դատի պահանջները եւ ասի, թե դրանք բխում են հայ ժողովրդի շահերից: Կամ ասի, թե հայ-թուրքական արձանագրություններն ի սկզբանե դատապարտված էին ձախողման»,- ասել է նա:

Քաղաքական գործընթացներից սպասելիքներ չունեն նաեւ ԲՀԿ քարտուղար Արամ Սաֆարյանը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: