Արդեն 10-րդ տարին անընդմեջ «Ուսուցչի տոնի» նախաշեմին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն անցկացնում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 17-ին նախարարությունում տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթների հանրապետական փուլը, որն անցկացրել են նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մրցույթներին մասնակցել է մարզային փուլում հաղթող ճանաչված ՀՀ բոլոր մարզերի եւ Երեւանի  30 մանկավարժ:

Մրցույթի ընթացքում սահմանվել են նաեւ հետեւյալ անվանակարգերը.

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում`
«Նվիրում երեխաներին»,
«Ավանդույթները եւ նորարարությունը մանկավարժության մեջ»,
«Ազգային ավանդույթները պահպանելու եւ փոխանցելու համար»,
«Տարվա լավագույն տնօրեն»  մրցույթում`
«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
«Հայրենասիրական եւ գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում`
«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:

2010 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա  «Ուսուցչի օրը» Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում: «Տարվա լավագույն ուսուցիչ» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ:

Կրթական բնագավառում ցուցաբերած վաստակի եւ երկարամյա մանկավարժական գործունեության համար հանրապետության մի շարք մանկավարժներ կպարգեւատրվեն «Մովսես Խորենացի» մեդալով, կարժանանան ՀՀ «Վաստակավոր մանկավարժի» կոչման, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթին մասնակցած մի քանի տնօրեններ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալի»: