Սփյուռքի նախարարությանը ամենաշատը դիմում են խաբեության դեպքերի առթիվ, մաքսային եւ դատական մարմիններում «խայտառակ պատմությունների» պատճառով, երկքաղաքացիությանը վերաբերող հարցերով։ Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով, շատ են նաեւ կենցաղային հողի վրա անախորժ իրավիճակները, որոնք վկայում են, որ հասարակության մի մասը դեռեւս անհանդուրժող վերաբերմունք ունի Հայաստանում հաստատվել ցանկացող սփյուռքահայերի նկատմամբ։
«Մենք շատ հյուրասեր ազգ ենք, բայց երբեմն նաեւ՝ ծայրահեղորեն անհանդուրժող»- ասաց Հ. Հակոբյանը։ Նա մի սփյուռքահայի օրինակ բերեց, որ Երեւանում տուն էր գնել, այնուհետեւ՝ ավտոտնակ, բայց հարեւանն անընդհատ խանգարել է մեքենան կանգնեցնել ավտոտնակում այն պատճառաբանությամբ, թե «դու ո՞վ եղար, որ ստե գարաժ դնես»։ Կենցաղային բնույթի նմանատիպ իրավիճակները իրականում հանրապետությունում ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ, խանգարում հայրենադարձությանը։ Հ. Հակոբյանն ասաց, որ «Արի տուն» ծրագրով պետությունը ծախսերի միայն մի մասն էր կատարում՝ երեխաների համար ծախսելով 10 դոլար, որին ընտանիքները ավելացնում էին եւս 50 դոլար իրենց բյուջեից։ «Ահա այդպես հյուրասիրել գիտենք, բայց չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է անհանդուրժողականությունը այն մարդկանց նկատմամբ, որ ցանկանում են հաստատվել, այլ ոչ թե հյուր լինել հայրենիքում»,- ասաց նախարարը։




























