Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի միջեւ այսօր` սեպտեմբերի 17-ին կնքվել է համագործակցության մասին հուշագիր` ի դեմս նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի եւ «Վորլդ Վիժն» կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Գրեհեմ Սթրոնգի:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալը, նշել է, որ որպես հեռահար նպատակ` նախարարությունը ձգտում է, որ Հայաստանում չլինեն առանձին ներառական դպրոցներ, եւ յուրաքանչյուր կրթական հաստատություն կայանա որպես յուրաքանչյուրի հետ աշխատող հաստատություն: «Այս ուղղությամբ մենք երկար ուղի ունենք անցնելու, մասնավորապես, ուսուցիչների որակի, ծրագրերի, ուսումնական գործընթացի եւ, առհասարակ, դպրոցական կյանքի կազմակերպման տեսանկյունից»,-նշել է Մ. Մկրտչյանը` կարեւորելով աշակերտի ներառումն իր սեփական եւ դպրոցական կյանքի կառավարման մեջ:
Իր խոսքում «Վորլդ Վիժն» կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ «Վորլդ Վիժն» կազմակերպության առաջնահերթություններից է կրթության որակի եւ կրթական համակարգում երեխաների ներգրավվածությանն աջակցությունը: Համաձայն հուշագրի` կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում սերտ համագործակցել մի շարք ուղղություններով, մասնավորապես, նպաստել նախադպրոցական կրթության ապահովմանը եւ համայնքներում նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրմանը, հանրակրթական դպրոցների կառավարման համակարգի բարելավմանը, հանրակրթական դպրոցներում քաղաքացիական ակտիվության եւ ներառական կրթության խթանմանը, ներառական կրթության ցանցի ընդլայնմանը եւ պահպանմանը, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար որակյալ կրթո ւթյան կազմակերպմանը, հատուկ դպրոցներում սովորող երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը եւ նրանց բարեկեցության ապահովմանը: Բացի այդ, կողմերը պատրաստակամ են նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը եւ միջին մասնագիտական կրթության խթանմանը` մարզերի երիտասարդության համար ստեղծելով ակտիվ լինելու հնարավորություններ:




























