Մոսկվայում հույս ունեն, որ Թուրքիայում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն կնպաստի այդ երկրի ժողովրդավարացմանը: Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

«Հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքները կնպաստեն թուրքական հասարակությունում ժողովրդավարական գործընթացներին եւ դրական ազդեցություն կունենան ռուս-թուրքական գործընկերային փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման վրա»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխություններ ենթադրող հանրաքվեի ժամանակ, մասնակիցների մեծ մասը` 58 տոկոսը, կողմ է արտահայտվել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխություններին: Այդ փոփոխություններով, մասնավորապես, նվազեցվում է ռազմական հեղաշրջումների հնարավորությունը: