Արդեն մեկ տարուց ավելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ջանք գործադրում են, որ ստեղծեն թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողով, բայց կարծես այդ աշխատանքները ավելի շատ ձախողվում են: Մասնավորապես, սեպտեմբերին նախատեսված է, որ Բաքվում պետք է տեղի ունենա այդ վեհաժողովի առաջին նստաշրջանը, սակայն Ուզբեկստանն ու Թուրքմենստանը այդպես էլ չեն համաձայնվում մաս կազմել դրան:

Ի դեպ, այդ նստաշրջանում Ադրբեջանը մտադիր է օրակարգի հարց դարձնել ԼՂ խնդիրը: Այս մասին այսօր հայտնել է վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիզամի Ջաֆարովը: Նրա խոսքով, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը հրաժարվել են միանալ թուրքալեզու երկրների ԽՎ-ին: «Այդ երկրներից վերջնական պատասխան դեռ չի ստացվել: Դեռ բանակցություններ են ընթանում 4 երկրների հետ: Հույս կա, որ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը կմիանան խմբին»,- ասել է Ջաֆարովը:

Հիշեցնենք, որ թուրքալեզու երկրների խորհրդարանների խոսնակների Ստամբուլում կայացած վերջին հանդիպման շրջանակներում ձեռք է բերվել խորհրդարանական վեհաժողով ստեղծելու համաձայնություն, որտեղ ընդգրկվել են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Թուրքիան: Մասնակցությունից հրաժարվել են Ուզբեկստանն ու Թուրքմենստանը:

«Եթե անգամ Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի խորհրդարանականները չմասնակցեն Բաքվի վեհաժողովին, միջոցառմանը կարող են հրավիրվել այդ երկրների խորհրդարանական լրագրողները: Ներկայումս մենք աշխատում ենք այդ խնդրի ուղղությամբ»,- նշել է Ջաֆարովը: