92 տարեկանում մահացել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եւ ներկա նախագահ Ռաուլ Կաստրոյի ավագ եղբայրը՝ Ռամոն Կաստրոն, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Կուբայի Granma թերթը:

Ռամոն Կաստրոյի մահվան պատճառները չեն նշվում: Ռամոն Կաստրոյի մականունն էր «Մոնգո», նա Կուբայի հեղափոխության առանցքային դեմքերից մեկն էր: Ռազմական գործողություններին նա անմիջական մասնակցություն չի ունեցել, պատասխանատու է եղել զենքի մատակարարման համար, բենզինի դեֆիցիտի ժամանակ վառելիք է պատրաստել սպիրտից:

Երբ սկսվել է հեղափոխությունը, նա մնացել է տանը, որպեսզի խնամի ծնողներին եւ կառավարի ֆերման: Հեղափոխության հաղթանակից հետո՝ 1959 թվականին, Ռամոն Կաստրոն զբաղվել է գյուղատնտեսությամբ, պաշտոններ է զբաղեցրել Գյուղատնտեսության եւ շաքարի նախարարությունում:

Նա Կուբայի աշխատանքի հերոսի կոչում ունի: