Թուրքերի մասին պարսկական նկարագրություններից շատերն այսօր կարող են դիտարկվել որպես ռասիստական, քանի որ դրանք բոլոր թուրքերին անարդարացիորեն պիտակավորում են միեւնույն կարծատիպով: Այս մասին իր հոդվածում նշել է «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա իր հոդվածում, մասնավորապես, գրում է.

«Նախորդ հազարամյակի ընթացքում երկու հարեւան իսլամական պետությունների՝ Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ հարաբերությունները տատանվել են խաղաղ գոյակցության եւ բացահայտ պատերազմի միջեւ: Այս երկու պետությունների բնակիչները ունեին ոչ միայն էթնիկական եւ լեզվական տարբերություններ, այլեւ բաժանված էին իրենց իսլամական հավատքով. պարսիկները շիա էին, իսկ թուրքերը՝ սունի: Իրանի եւ Թուրքիայի միջեւ այս բաժանումները շարունակվում են մինչ օրս:

Շատ ընթերցողներ ծանոթ են հակաթուրքական հիշատակումներին արեւմտյան գրողների աշխատություններում, հատկապես իրար հաջորդող հայկական ջարդերից եւ ցեղասպանությունից հետո, ինչպիսին ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի դատապարտող խոսքերն էին. «Այստեղով թուրքն է անցել. ամենուրեք սուգ է եւ ավեր»:

Այդուհանդերձ, քչերին են հայտնի թուրքերի մասին հիշատակումները պարսկական գրականության մեջ: Պարսկահայ Ռուբինա Օհանյանը, որն այժմ բնակվում է Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում, լրացրել է այդ բացը իր՝ «Թուրք անվան եւ բառի մեկնաբանությունը իրանական գրականության մեջ» խորագիրը կրող գրքում: Օհանյանը մանրակրկիտ ուսումնասիրել եւ պարսկերենից հայերեն է թարգմանել միջնադարյան մի քանի պարսիկ նշանավոր բանաստեղծների տասնյակ տողեր, որոնք արտահայտել էին իրենց խիստ բացասական տպավորությունները թուրքերի մասին՝ բացահայտելով թուրքերի հանդեպ իրանցիների հակակրանքի խոր արմատները:

Թուրքերի մասին պարսկական հիշատակումները մեզ են հասել մեծանուն պարսիկ բանաստեղծներ Ֆիրդուսուց (10-րդ դար) եւ Հաֆեզից (14-րդ դար): Թյուրքական ցեղերը առաջին անգամ ներխուժեցին Պարսկաստան 11-րդ դարում, որոնց հաջորդեցին սելջուկները: 13-րդ դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, այնուհետեւ՝ թուրքմենական  ցեղերը, որոնք վերջնականապես պարտության մատնվեցին 1592 թվականին: Հետագա դարերի ընթացքում բազմաթիվ պատերազմներ տեղի ունեցան Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ:

Օհանյանն իր գրքում ներկայացրել է 13 պարսիկ  բանաստեղծների եւ գրողների մեջբերումները: Մինչ հայերն իրենց սեփական ողբերգական հիշողություններն ունեն թուրքական բռնապետական իշխանության հետ կապված, հետաքրքիր է իմանալ նաեւ այլ ազգերի մոտ թուրքերի հետ շփումից առաջացած նույն բացասական փորձառությունները:

Ահա պարսիկ միջնադարյան բանաստեղծների որոշ տողեր, որոնք պարսկերենից հայերեն է թարգմանել Ռուբինա Օհանյանը.

Ֆիրդուսի (925 – 1020 ).

 «Ոչ ոք թուրքերից իմաստություն չունի,

Ոչ մի մարդ թուրքին չի հնազանդվի»:

Ասադի Թուսի (11-րդ դար).

«Ոչ ոք չտեսավ թուրքից երբեք հավատարմություն,

Իրանցիներից տեսել են միայն հավատարմություն»:

Խավաջա Աբդուլլահ Անսարի (1006 – 1088 ).

«Զարմանք է, թե թուրքը սիրուց բան հասկանա,

Քանզի թուրքից զարմանքն այն է՝ չթալանի, չգողանա»:

Նիզամի (1140 – 1203 ).

«Արքան անգամ չգիտեր՝ հավատարիմ թուրք չկա»:

Անվարի (12-րդ  դար)

«Քանի դեռ չես ճամփա անցել ազնվազարմ նժույգով,

Չգնաս, ճամփան լեցուն է արյունարբու թուրքերով»:

Խաղանի (1120 – 1190).

 «Բարեկամաբար արյուն ըմպելն ավանդույթ է հին,

Թուրքն արյունախում է ու չի ճանաչում իր բարեկամին»:

Սաադի (1184 – 1283).

«Այնժամ ղրկեցիր դու մի ուսանող.

Թուրք, որից վատթարը չկա»:

Թուրքերի մասին այս պարսկական նկարագրություններից շատերն այսօր կարող են դիտարկվել որպես ռասիստական, քանի որ դրանք բոլոր թուրքերին անարդարացիորեն պիտակավորում են միեւնույն կարծատիպով: Բոլոր ազգերի մեջ էլ կան լավ ու վատ մարդիկ: Սակայն, իրական խնդիրը թուրքական պետության բիրտ քաղաքականությունն է, որ դաժանորեն ճնշել է ազգային փոքրամասնություններին եւ նվաճած երկրներին՝ հանգեցնելով զանգվածային ոճրագործությունների եւ ցեղասպանության ընդդեմ արաբների, հայերի, ասորիների, կիպրացիների, հույների եւ իրանցիների…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի