ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ Վաշինգտոնը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնության է եկել, որն, իր խոսքով, ԱՄՆ-ին «մշտական վերահսկողություն» է տալիս կղզու անվտանգության հարցերում։

«Միացյալ Նահանգները հավերժ հնարավորություն է ստանում Գրենլանդիայում անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է հենց կղզու և ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու ու պաշտպանելու համար», — գրել է Թրամփը։

Նրա փոխանցմամբ՝ համաձայնագիրը նաև արգելում է ԱՄՆ որևէ հակառակորդի Գրենլանդիայում ռազմաբազա հիմնել, զինված ուժեր տեղակայել կամ «զգայուն ներդրումներ» անել՝ առանց Վաշինգտոնի գրավոր թույլտվության։

Թրամփն այս փաստաթուղթն անվանել է «անժամկետ համաձայնագիր»։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է «անհապաղ սկսել» կղզում իր ռազմական ներկայության ընդլայնման գործընթացը։

«Մենք աշխատելու ենք Գրենլանդիայի բնակիչների հետ՝ այն զարգացնելու և կառուցելու ուղղությամբ», — նշել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով ապագա ռազմական ենթակառուցվածքները։

Գործարքի հստակ պայմանները դեռևս չեն հրապարակվել։ Reuters գործակալության տվյալներով՝ համաձայնությունը ԱՄՆ-ին թույլ է տալու էապես ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում և խոչընդոտելու է Վաշինգտոնի հակառակորդ երկրներին այնտեղ ռազմաբազաներ ստեղծել։ Խոսքը վերաբերում է նաև կղզում ամերիկյան կողմի հնարավորությունների ընդլայնմանը, այդ թվում՝ ռազմական օբյեկտներից ու օդային տարածքից օգտվելուն։

Դանիան և Գրենլանդիան հաստատել են պայմանավորվածության փաստը և հայտնել, որ մտադիր են փաստաթուղթը ստորագրել հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Միևնույն ժամանակ Կոպենհագենն ընդգծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ Դանիայի ինքնիշխանությունը պահպանվում է։

Թրամփն իր հայտարարության մեջ այս համաձայնագիրն անվանել է պատմական՝ նշելով, որ դրանով վերջնականապես լուծվում է մի հարց, որն ամերիկյան նախագահներն ավելի քան մեկ դար համարել են ռազմավարական կարևորության։

«Սա իրականություն դարձած երազանք է Միացյալ Նահանգների համար», — գրել է Թրամփը։