Վերջին 5 տարիներին հայ-վրացական հարաբերություններն ագրարային ոլորտում դինամիկ զարգացում են ունեցել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Վրաստանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր գնահատելով Թենգիզ Շարմանաշվիլիի գործունեությունը մեր երկրում` Սերգո Կարապետյանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հատկապես ագրարային ոլորտում դինամիկ զարգացում են ունեցել:

«Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն ավելի է ակտիվացել: Վրաստանը մեր ամենամտերիմ գործընկերներից է, եւ ես վստահ եմ, որ այս բարեկամական հարաբերությունները այսուհետ եւս կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Հաշվի առնելով երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում համանման գերակայությունների առկայությունը, այդ թվում` կոոպերատիվների ստեղծումն եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով եւ երկկողմ փորձի փոխանակման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծում գտնել:

Դեսպան Շարմանաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին եւ նախարարության աշխատակազմին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով Թենգիզ Շարմանաշվիլիին իր գործունեության ընթացքում հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ ներդրած ջանքերի համար` նախարար Կարապետյանը նորանոր աշխատանքային հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ: