Աֆղանստանում սեպտեմբերի 18-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանի ստորին պալատի 249 տեղերի համար կպայքարեն 2,5 հազար թեկնածուներ։
Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ ձգտելու են ձախողել ընտրությունները՝ ահաբեկչություններ եւ հարձակումներ կազմակերպելով։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը։ Իշխանությունների խոսքով, ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար այդ օրը կաշխատեն աֆղանական անվտանգության ուժերի շուրջ 300 հազար աշխատակիցներ։
Ինչպես հայտնում է РБК-ն, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Թալիբան» շարժման զինյալները առեւանգել են թեկնածուներից մեկին։ Բացի այդ, Բադդիշ նահանգում առեւանգվել են նաեւ ընտրական հանձնաժողովի 18 անդամներ եւ նախընտտրական քարոզարշավի կազմակերպիչներ։
Ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 22-ին, վերջնականները՝ 2010 թվականի հոկտեմբերի 31-ին։




























