Ահմեդ Զաքաեւն ազատ է արձակվել։ Էքստրադիցիայի որոշմանը նա այժմ կսպասի ազատության մեջ։ Փակ դռների հետեւում նման որոշում է կայացրել Վարշավայի շրջանային դատարանը։
Այն մասին, որ Չեչնիայի վտարանդի վարչապետ Ահմեդ Զաքաեւը ազատ է արձակվել առանց որեւէ գրավի, լրագրողներն իմացել են, երբ դատարանի շեմին հայտնվել է նա ինքը։ Դատարանից Զաքաեւը դուրս է եկել որդու ուղեկցությամբ՝ առանց ոստիկանների։ Նիստի մանրամասները շատ չեն։ Այն տեւել է երեք ժամ։ Ահմեդ Զաքաեւին ազատ արձակելու իրենց որոշումը դատավորները պայմանավորել են բրիտանական դատարանի վճռով, որով 2003-ին նրան փախստականի կարգավիճակ էր տվել։
Ահմեդ Զաքաեւին փնտրում է Ինտերպոլը։ Նա մեղադրվում է ծանր հանցագործություների, այդ թվում՝ ահաբեկչության մասնակցության մեջ։ Լեհաստան Զաքաեւը եկել էր մասնակցելու, այսպես կոչված, չեչենական կոնգրեսին, սակայն ոստիկանությունը ձերբակալել էր նրան։
Ազատ արձակվելուց հետո Զաքաեւը նստել է լեհական համարներով ավտոմեքենան եւ գնացել՝ հայտարարելով, որ մտադիր է անել այն, ինչի համար ինքը Լեհաստանում է՝ այցելել չեչենական կոնգրեսին։





























