Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ընդգծելով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսության բարձր մակարդակը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն ամուր հիմք է փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնման եւ խորացման համար:

Դեսպան Շարմանաշվիլին շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր բարեկամ Հայաստանում պաշտոնավարելը: Նա ասել է, որ պաշտոնավարման 5 տարիների ընթացքում գործադրել է առավելագույն ջանքերը՝ երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ եւ հետագայում եւս որպես Հայաստանի բարեկամ իր նպաստը կբերի այդ գործընթացին: Թենգիզ Շարմանաշվիլին համոզմունք է հայտնել, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների բազմաոլորտ հարաբերությունների խորացման, առեւտրատնտեսական կապերի սերտացման եւ ընդլայնման, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: