«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վրդովվել է այն փաստից, որ իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին ներկայացրել են, թե ընդդիմությունն իբր, մասնակցել է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» երկու նախագծերի քննարկումներին եւ կողմ է քվեարկելու դրանց:
Ա. Մարտիրոսյանն այս առնչությամբ «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է. «Այն խաղը, որ սկսել են իշխանությունները, շատ տգեղ է: Խոսել ընդդիմության անունից, ներկայացնել, թե իբր ընդդիմությունը մասնակցել է այդ նախագծերի աշխատանքներին, ներկայացնել` իբրեւ թե ընդդիմությունը կողմ է քվեարկելու այդ նախագծերից որեւէ մեկին, ուղղակի չեմ կարող նշել` բարոյական տեսանկյունից որքան ցածր է»:




























