Սեպտեմբերի 19-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի կունենա Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարություն, որն այս տարի նվիրված է Հայաստանում կամավորության գաղափարի զարգացմանը:

Քաղաքացիական հասարակության օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2009-ին: Այս տարի կազմակերպիչներն ընտրել են կամավորության թեման` որպես քաղաքացիական ակտիվության եւ մասնակցության հիմնաքար: Միջոցառման նպատակն է հանրությանն իրազեկել Հայաստանում իրականացվող կամավորական գործունեության մասին, ինչպես նաեւ խրախուսել յուրաքանչյուրին` իր կամավորական ներդրումը կատարել հօգուտ իր համայնքի եւ երկրի:

Օրը կնշանավորվի կամավորական աշխատանքների ցուցահանդեսով (11.00-20.00), կամավորների հանդիսավոր երթով (13.30-15.00), կամավորականությանը նվիրված կարգախոսների մրցույթով (15.00-19.00) եւ համերգով (15.00-18.00): Կազմակերպիչներն ուղերձով հանդես կգան ժամը 13.00-ին:

Միջոցառման կազմակերպիչներն ու աջակիցներն են Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, ԱՄՆ Խաղաղության Կորպուսը Հայաստանում, «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ն, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության բաժինը, «Անտարես հոլդինգը», Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիան եւ մի շարք այլ կազմակերպություններ ու անհատներ:

Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարությանը կմասնակցեն շուրջ 1000 հոգի, ներառյալ պետական եւ միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների, քաղաքացիական հասարակության կառույցների, առեւտրային ընկերությունների ներկայացուցիչներ եւ անհատ քաղաքացիներ: